Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը արձագանքել է Իսրայելի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը։ «Մենք լիովին մերժում ենք մեր երկրի հասցեին հնչեցված զրպարտությունը մի հանցավոր ցանցի կողմից, որի ձեռքերին է Գազայի 75 հազար անմեղ բնակիչների՝ հիմնականում երեխաների ու կանանց արյունը»,- ասել է Էրդողանը։               
 

Մեզ պետք է բացարձակ հայամետ ընդդիմություն, որ կկարողանա ճիշտ գնահատել բոլոր վտանգները

Մեզ պետք է բացարձակ հայամետ ընդդիմություն, որ կկարողանա ճիշտ գնահատել բոլոր վտանգները
02.07.2026 | 14:52

Ավարտվեցին ընտրությունները։

Ամբողջ աշխարհը, բացի ընդդիմությունից, գիտեր, հուշում էր, զգուշացնում, որ ընտրությունները անիմաստ են լինելու, եթե հունիսի ութին գործողություններ չլինեն, հունիսի յոթի գիշերը ԿԸՀ-ի առջև հոծ բազմություն չլինի... Դե, բայց ու՞մ ես ասում։ Էշի ականջում, կարծես, քնած, ինչի՞ են սպասում, միայն Աստված գիտի։ Եվ հետո, սեպը սեպով են հանում, իսկ ընդդիմությունը սրան, այսինքն, «նիկոլ» տեսակին համապատասխան, նրա պես անսկզբունք, աներես, անծագում, լեզվի տակ անոսկոր, բայց «ազգային» նկարագրով սեպ-գործիչ չունի։ Սա է իրականությունը։

Ավարտվեցին քննարկումները ՍԴ-ում, և անկախ նրանից, թե ինչ որոշում կկայացնեն դատավորները, պրոցեսը լավն էր, սովորեցնող, բարձրացնող, մերկացնող, դիմակազերծող, ընդհանուր հայտարարի բերող։ Եվ այստեղ ալիև-նիկոլական ռեժիմը, այս անգամ անկախ վերջնական որոշումից, հաստատ պարտվեց, որովհետև «մտածող» ու «պատվախնդիր» հայ ընտրողը տեսավ, հասկացավ, որ իր ձայնը արժեք ունի, և որ այդ ձայնի համար պրոֆեսիոնալ իրավաբանների մի ջոկատ իսկական կռիվ տվեց։ Ապրեն նրանք։

Հիմա, կվերցնե՞ն մանդատները, թե չեն վերցնի, մեծ նշանակություն չունի, եթե ընդդիմությունը ադեկվատ չլինի մեր ժողովրդի առջև ծառացած խնդիրների լուծման համար փողոցային պայքար գեներացնելու, կազմակերպելու և հեղափոխություն իրականացնելու հարցում։ Իսկ հեղափոխել կարելի է և՛ մանդատներով, և՛ առանց, չնայած, իմ անձնական կարծիքը ասել եմ անմիջապես` ես դեմ եմ վերցնելուն։ Սակայն չվերցնելը` պայքարի ավելի զարտուղի ճանապարհ է ենթադրում։

Ո՞վ հաղթեց ընտրություններում։ Ինձ համար միանշանակ է` Հայաստանը ներսից զավթած թուրքը։

Ո՞վ պարտվեց ընտրություններում։

Որքան հասկանում եմ, ընդդիմությունը իրեն պարտված չի համարում և տրամադրված է պայքարի, ինչի համար ես նրանց հաջողություն ու հաղթական կամք եմ մաղթում։

Պարտվեցին Արցախի համար կյանքը զոհված իմ նահատակ ընկերները, իրենք իրենց հետ մնացած` Սրբազան Ազատամարտի բոլոր գիտակից զինվորները, Քարինտակից մինչև Տավուշի Մովսես գյուղ, Թալին ու Ախալքալաք, Կանադա ու Իրան։ Պարտվեցին որդեկորույս մայրերը, ում կյանքը իմաստազրկվեց դեռևս 2020-ին, ապա 2021-ին, և այդպես շարունակ։ Պարտվեց մեծատառով Հայը, ով իր կյանքը ենթարկել է իր հայրենիքի ծառայությանը։

Պարտվեցի անձամբ ես ու իմ տեսակը, ով արդեն որերորդ անգամ, թվով որերորդ ընտրություններում է պարտվում, էլ հաշիվ չկա։ Ես փոքրամասնական, այդպես էլ ինձ արժանի ղեկավար չտեսա ու կտեսնե՞մ մի օր, չգիտեմ։

Հայ «հերոս» ընտրողը երեք անգամ ընտրեց նույն խրտվիլակին, որովհետև նրան անընդհատ վախեցնում են` մերթ հների, մերթ պատերազմի, մերթ Ռուսաստանի խրտվիլակներով։

Ժողովրդավարական ընտրության իմաստը այն բանի մեջ է, որ այդ ընտրության արդյունքում իշխանության գա գաղափարակիր որևէ փոքրամասնություն, կամ ձևավորված մի կուսակցություն, որը գաղափարական նպատակներ և գնալու տեղ ունի։ Իսկ Հայաստանում հաղթում է պարզ թվային մեծամասնությունը, որը, ըստ էության, գաղափարական լինել չի կարող, որովհետև Հայրենիքի ու տասը հազար դրամի միջև ընտրելու է երկրորդը, և կապ չունի, այդ ընտրակաշառքը դրամական ծրարո՞վ են տվել նրան, թե՞ թոշակի հավելումով։ Նրան, այդ մեծամասնական ընտրողին տանում են ինքնաոչնչացման, սակայն այդ գործընթացի անունը դրել են «խաղաղություն»:

Եվ հետո, շատ կարևոր է հասկանալ, թե ի՞նչ է ուզում մեզանից Ռուսաստանը, որի ուրվականը անընդհատ ուղեկցում է մեզ, ընդդիմությանը, ընտրություններին։

Հայ արտադրողների առջև իր շուկան փակելով՝ Ռուսաստանը էլ ավելի է դուրս վանում հայ մարդուն ու ընտրողին իր քաղաքական ուղեծրից։ Հենց այդպես նա կորցրեց Ուկրաինան, դեռևս, մինչև պատերազմը։ Ռուսաստանը, ուկրաինական պատերազմի պատճառով, տվեց Արցախը, հանձնեց Ռուբեն Վարդանյանին ու մեր ղեկավարներին, դրա դիմաց Ադրբեջանից ոչինչ չստանալով, ու դեռ պարզ չէ, աշխարհաքաղաքական իր պայքարում հանձնու՞մ է Հայաստանը թուրքերին, թե՞ որոշել է կռիվ տալ իրեն ամենահավատարիմ ժողովրդի համար։ Ես կարծում եմ` հանձնում է, և մեզ պետք է այնպիսի ընդդիմություն, որը հասկանում է այս բարդ իրավիճակը, մանավանդ, որ Հայ ժողովուրդն ինքն իր համար կռիվ տալ չի ուզում։ Խորքային Ռուսաստանը, թերևս, հակահայ չէ, և Ռուսաստանում մեզ ընկալում են որպես բարեկամի։ Բայց այսօրվա ՌԴ ղեկավարությունը դեմ է և՛ Հայաստանին, և՛ խորքային ռուսական հետաքրքրություններին։ Սա իմ կարծիքն է։

Մեզ պետք է բացարձակ հայամետ ընդդիմություն, որը կկարողանա ճիշտ գնահատել բոլոր վտանգները։ Իհարկե, թուրքի գիրկը նետվել չի կարելի, սակայն չի կարելի ընտրություններում անընդհատ պարտվել, եթե ռուսամետությունը դարձել է քո աքիլեսյան գարշապարը։ Ամբողջ աշխարհն է միավորվել այսօրվա Ռուսաստանի դեմ, բայց ես հասկանում եմ Ռուսաստանի դերը աշխարհում ու Եվրասիայում, սակայն, մենք այդպես էլ չունեցանք քաղաքական գործիչներ, ովքեր ՌԴ ղեկավարությանը կբացատրեին մեր դերն ու նշանակությունը այսօրվա աշխարհում։

Շարունակելի

Դավիթ Վանյան

Դիտվել է՝ 246

Մեկնաբանություններ